
161 դիտում
Երբ աղջիկը նոր է ծանոթանում տղայի հետ, ամենակարևոր հարցը չպետք է լինի միայն՝ «Նա ինձ դուր գալի՞ս է»։
Ավելի կարևոր հարց է՝
«Իսկ նա հասուն անձնավորությո՞ւն է, որի հետ հնարավոր է առողջ հարաբերություն կառուցել»։
Տղամարդու հասունությունը չի որոշվում միայն տարիքով, կրթությամբ, աշխատանքով, մեքենայով կամ ֆինանսական հնարավորություններով։ Այն առաջին հերթին երևում է նրա վարքի, պատասխանատվության և ինքնակարգավորման մեջ։
Ահա այն նշանները, որոնց աղջիկը կարող է ուշադրություն դարձնել ծանոթության առաջին փուլում․
1. Ինչպե՞ս է ընդունում քո «ՈՉ»-ը։
Հասուն տղամարդուն կարող է դա այդքան էլ դուր չգա, բայց կհարգի քո որոշումը։
Եթե «ոչ»-ից հետո սկսվում են ճնշումները, վիրավորանքները, մեղադրանքները կամ լռությամբ պատժելը՝ սա լուրջ ազդանշան է։
2. Կարո՞ղ է ընդունել սեփական սխալը։
Հասուն մարդը կարող է ասել՝ «Ես սխալվել եմ»։
Եթե նրա կյանքում միշտ ուրիշներն են մեղավոր՝ նախկին կինը, ընկերները, ծնողները, ղեկավարը, ապա արժե մտածել՝ արդյո՞ք մի օր դու էլ չես հայտնվելու այդ ցուցակում։
3. Խոսքերը համապատասխանո՞ւմ են գործողություններին։
«Ես պատասխանատու մարդ եմ» ասելը հեշտ է։
Պայմանավորվածությունները պահելը՝ ավելի դժվար։
Տղամարդուն գնահատիր ոչ թե իր մասին ասած խոսքերով, այլ կրկնվող վարքով։
4. Ինչպե՞ս է խոսում նախկին հարաբերությունների մասին։
Եթե բոլոր նախկինները «խելագար», «վատ» կամ «անարժան» են, իսկ ինքը՝ միշտ անմեղ, ուշադրություն դարձրու դրան։
Հասուն մարդը սովորաբար կարողանում է տեսնել նաև իր բաժին պատասխանատվությունը։
5. Ինչպե՞ս է վերաբերվում այն մարդկանց, որոնցից ոչինչ չի սպասում։
Մատուցողին, տաքսու վարորդին, վաճառողին, սպասարկողին։
Մարդու իրական մշակույթը հաճախ ավելի լավ է երևում այնտեղ, որտեղ նա կարիք չունի լավ տպավորություն թողնելու։
6. Նա լսո՞ւմ է քեզ։
Թե՞ պարզապես սպասում է, որ դու ավարտես խոսքդ, որպեսզի նորից սկսի խոսել իր մասին։
Հասուն հարաբերությունը երկխոսություն է, ոչ թե մեկ մարդու ինքնաներկայացում։
7. Ինչպե՞ս է արձագանքում տարաձայնությանը։
Հենց այստեղ է ամեն ինչ պարզվում։
Կարո՞ղ է քննարկել, թե՞ անցնում է վիրավորանքի, գոռոցի, ծաղրի, սառնության կամ սպառնալիքի։
8. Կարո՞ղ է անկեղծ ներողություն խնդրել։
«Եթե քեզ վիրավորել եմ, կներես»-ը միշտ չէ, որ իրական ներողություն է։
Հասուն մարդը կարող է ասել՝
«Ես սխալ էի և հասկանում եմ, թե ինչու դա քեզ վիրավորեց»։
9. Հարգո՞ւմ է քո ինքնուրույնությունը։
Սերը չի նշանակում, որ աղջիկը պետք է հրաժարվի իր ընկերներից, աշխատանքից, նպատակներից, հագուստից կամ անձնական տարածքից։
Խանդն ու վերահսկողությունը սիրո չափման միավոր չեն։
10. Ինչպիսի՞ հարաբերություն ունի իր ընտանիքի հետ։
Ծնողներին հարգելը շատ լավ է։ Բայց կարևոր է նաև՝ կարո՞ղ է ինքնուրույն որոշումներ կայացնել։
Եթե նրա բոլոր կարևոր որոշումների վերջնական հաստատողը ծնողներն են, ապագայում հարաբերության մեջ կարող է հայտնվել ոչ միայն տղամարդը, այլև նրա ընտանիքի ամբողջ համակարգը։
11. Կարո՞ղ է ասել՝ «Չգիտեմ»։
Հասուն մարդը պարտավոր չէ ամեն ինչ իմանալ։
Սեփական անտեղյակությունն ընդունելու կարողությունը հաճախ ինտելեկտուալ և հոգեբանական հասունության նշան է։
12. Նա փոխո՞ւմ է իր վարքը, երբ հասկանում է, որ սխալ է։
Սա ամենակարևոր ցուցիչներից մեկն է։
Ներողություն խնդրելը լավ է, բայց ավելի կարևոր է՝ հաջորդ անգամ նույն սխալը կրկնո՞ւմ է, թե՞ ոչ։
Եվ ամենակարևոր կանոնը․
Տղամարդուն մի գնահատիր միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ընթանում է իր ուզածով։
Դիտիր նրան, երբ՝
• իրեն «ոչ» են ասում,
• իրեն հակասում են,
• սպասեցնել են տալիս,
• քննադատում են,
• ինչ-որ բան իր ուզածով չի լինում,
• նա սխալվում է,
• կորցնում է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ։
Հենց այդ պահերին է ավելի տեսանելի դառնում մարդու իրական հոգեբանական կառուցվածքը։
Հասուն տղամարդը նա չէ, ով երբեք չի բարկանում, չի սխալվում կամ չի հիասթափվում։
Հասուն տղամարդը նա է, ով կարողանում է կառավարել իր վարքը նույնիսկ այն ժամանակ, երբ զգացմունքները ուժեղ են։
Եվ վերջում՝ մի կարևոր միտք յուրաքանչյուր աղջկա համար․
Մի ընտրիր միայն նրան, ում կողքին սիրտդ արագ է բաբախում։
Փորձիր հասկանալ նաև՝ նրա կողքին քո հոգեբանական անվտանգությունն ու արժանապատվությունը պահպանվո՞ւմ են։